«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ

665

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականին «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների կողմից, և առայսօր «Ֆիլմադարան»-ի տնօրենն է կինոռեժիսոր ու կինոգետ Գարեգին Զաքոյանը։
Կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել Հայաստանում կինոարվեստի ընկալման մակարդակն ու խթանել նոր ֆիլմերի ստեղծմանը, ինչպես նաև տեղական ու արտասահմանցի ստեղծագործ անհատների երկխոսությունը: Մինչ օրս «Ֆիլմադարանի» անդամներն առաջին անգամ հայերեն են թարգմանել և ենթագրել շուրջ 200 արտասահմանյան հին և նոր ֆիլմ, որոնք տարբեր միջոցառումների շրջանակում ներկայացվել են հայ քաղաքային և գյուղական հանդիսատեսին:
Կազմակերպության գլխավոր նախաձեռնությունն է «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը:
«Ֆիլմադարանը» զբաղվում է նաև գրքերի հրատարակությամբ (2019-ին «Անտարես» հրատարակչությունում լույս տեսավ «Ֆիլմադարան»-ի պատրաստած «Իմ Երևան» գիրք-ալբոմը, 2020-ին՝ «Փարաջանով․ նամակներ կալանավայրից» ժողովածուի երկրորդ հրատարակությունը, 2021-ին՝ «Փարաջանով․ Intermezzo» ժողովածուն) և վավերագրական ու փորձարարական ֆիլմերի արտադրությամբ, մասնավորապես՝ «Ստվերների թատրոն» (2016), «Այրուձի» (2017, Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի հետ համատեղ), «Անդրեյ Բելի. Հայաստան» (2019, Մոսվկայում Անդրեյ Բելիի տուն-թանգարանի աջակցությամբ) և այլն։ 2021-ին հանրությանն է ներկայացվել «Ֆիլմադարանի» հայ-իրանական «Ուջանյան պատմություն» կինոնկարը, որի ռեժիսորն իրանցի կինոգործիչ Շահրամ Բադախշան Մեհրն է, ով Հայաստան էր ժամանել 2017 թվականին՝ որպես «Ծիրանի ծառ» կինոփառատոնի մասնակից, և ոգեշնչվելով Ուջանի կենցաղով, որոշել լիամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանել այստեղ: Տվյալ պահին «Ֆիլմադարանն» աշխատում է ևս երկու վավերագրական կինոնախագծի վրա՝ «Հուշեր Բաքվի մասին» (1990 թվականին Բաքվում հայերի ջարդերի մասին) և «Հայ կինոյի պատմություն» (հայ կինոյի լիամետրաժ կինոուսումնասիրություն):
2018-ից ի վեր «Ֆիլմադարանը» լայն համագործակցություն է ծավալում Երևանի «Գյոթե» կենտրոնի հետ՝ համակարգելով կենտրոնի անցանց և առցանց կինոակումբները: Գրեթե յուրաքանչյուր շաբաթ, ցուցադրվում և քննարկվում էր «Ֆիլմադարանի» անդամների կողմից հատուկ այս առիթով թարգմանված և ենթագրված գերմանական դասական և նորագույն ֆիլմեր: 2018-2022 թվականներին ընդհանուր առմամբ հայերեն է թարգմանվել շուրջ 55 ֆիլմ՝ գերմանական կինոյի ողջ պատմությունից։
«Ֆիլմադարան»-ը կազմակերպում է նաև տարբեր տեսակի կինոաշխատարաններ։ «Գյոթե» կենտրոնի հետ համատեղ 2019-ի մարտին իրականացվել է «Սև դաշտ. կինոարվեստի պոետական իրականության մասին» աշխատարանը, որի շրջանակում հանրահայտ գերմանացի օպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը մեկ շաբաթ գործնական դասընթացներ արեց հայ կինոուսանողների հետ, ինչի արդյունքում 14 ուսանողներից յուրաքանչյուրը շաբաթվա ավարտին մասնակցել էր սեփական կարճամետրաժ ֆիլմ-վարժության ստեղծմանը:
Նույն տարվա ապրիլին գերմանական High Art Bureau կազմակերպության հետ համատեղ և Հայաստանում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող նախագծի շրջանակում Հայաստան ժամանեցին Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի (DFFB) ուսանողները՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կինոֆակուլտետի ուսանողների հետ փորձի փոխանակման նպատակով:
2021 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, «Ֆիլմադարան»-ը Երևանում կազմակերպեց Արդի ֆրանսիական կինոյի շաբաթ, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց 2010-ականների լավագույն ֆրանսիական ֆիլմերից 7-ը՝ հատուկ այս առիթով առաջին անգամ հայերեն թարգմանված և Հայաստանում առաջին անգամ ցուցադրվող։
Հայ մշակույթն ու կինոն արտասահմանյան հարթակներում ներկայացնելու առաքելության շրջանակում 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Բելգրադի Էթնոլոգիական կինոյի միջազգային փառատոնի շրջանակում հայ մշակույթին նվիրված օրը, «Ֆիլմադարան»-ի նախագահ Գարեգին Զաքոյանը հանդես եկավ Սերգեյ Փարաջանովի մասին զեկույցով և ցուցադրվեց «Ֆիլմադարան»-ի կողմից պատրաստված, 5 ֆիլմից բաղկացած հայկական վավերագրական կինոյի ընտրանին։
2022 թվականի մարտից «Ֆիլմադարան»-ը կազմակերպում է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ամենամսյա կինոակումբը, որի ցուցադրությունները տեղի են ունենում Հայաստանի ազգային գրադարանում։