Համո Բեկնազարյան

22308
hamo-beknazaryan2012

Համո Բեկնազարյան

Ծնվել է 1892 թվականի մայիսի 31-ին Երևանում: 1912-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 1913թ.-ին փոխադրվել է Մոսկվայի կոմերցիոն ինստիտուտ, որն ավարտել է 1918-ին: 1914-ին սկսել է նկարահանվել ֆիլմերում և շատ շուտով դարձել ռուսական նախահեղափոխական կինոյի աստղ:
1921թ.-ին Գեորգի Գոգետիձեի հետ միասին Բեկնազարյանը հիմնադրեց Վրաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից կինոյի բաժինը: 1923-ին կինոյի բաժինը վերածվեց Վրաստանի պետկինոյի, որի առաջին ղեկավարն ու գեղարվեստական խորհրդատուն Բեկնազարյանն էր: Նույն թվականին նկարահանեց իր դեբյուտային ֆիլմը՝ «Անարգանքի սյան մոտ կամ Հայրասպանը»: Վրաստանում արել է ևս երկու ֆիլմ՝ «Կորսված գանձերը» (1924) և «Նաթելլա» (1925):
1925թ.-ին Հայաստանի Ժողկոմխոր-ի հրավերով տեղափոխվեց Հայաստան և ստեղծեց առաջին հայկական խաղարկային կինոնկարը՝ «Նամուսը»: Բեկնազարյանը դարձավ «Արմենֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար և զբաղեցրեց այդ պաշտոնն ընդհուպ մինչև 1951թ.-ը:
1926-ին էկրաններ բարձրացավ Բեկնազարյանի «Զարեն»՝ պատմության մեջ եզդիների մասին պատմող առաջին ֆիլմը: Նույն թվականին նաև նկարեց առաջին հայկական կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշոր»: Այդ նույն տարի եղավ նաև Լենինականի կործանիչ երկրաշարժը: Բեկնազարյանն ու օպերատոր Արկադի Յալովոյը մեկնեցին դեպքի վայր, ինչի արդյունքում ստեղծվեց «Երկրաշարժ Լենինականում» վավերագրական ֆիլմը: Հետագայում Բեկնազարյանը հեղինակեց բազմաթիվ վավերագրություններ՝ «Կաշի», «Բամբակ» (երկուսն էլ 1927-ին), «Երկիր Նաիրի» (1930), «Սովետական Հայաստան» (1950): 1927-ին և 1928-ին նկարահանեց երկու պատմա-հեղափոխական ֆիլմ՝ «Խասփուշը»՝ 1895-ին պարսկական լումպեն-պրոլետարիատի ապստամբության մասին, և «Տունը հրաբխի վրա»՝ Բաքվի բազմազգ պրոլետարիատի պայքարի մասին: 1935-ին Բեկնազարյանը ստեղծեց առաջին հայկական հնչյուն ֆիլմը՝ «Պեպոն»:
1927թ.-ին Բեկնազարյանի նախաձեռնությամբ Մոսկվայում բացվեց «Վոստոկֆիլմ» կինոստուդիան, որը նպատակ ուներ ֆիլմեր արտադրելու ԽՍՀՄ տարածքում բնակվող փոքր ժողովուրդների մասին: 1930-1931թթ.-ին Բեկնազարյանն ստեղծեց երկու ֆիլմ նանայցիների մասին՝ խաղարկային «Իգդեմբուն» և վավերագրական «Գոլդերի երկիրը»: Այնուհետև նկարեց խաղարկային «Շքանշանով մարդը» չեչենների ամենօրյա կենցաղի մասին: Զանազան (հատկապես) փոքր ազգերի կյանքի ու կենցաղի պատկերումը շատ բնութագրական է Բեկնազարյանի արվեստի համար:
Վերջին տարիներն անց է կացրել Մոսկվայում: Մահվանից քիչ առաջ վերջացրեց ինքնակենսագրությունը՝ «Նոթեր դերասանի և ռեժիսորի», որը հրատարակվեց հետմահու: Համո Բեկնազարյանը մահացավ 1965թ.-ի ապրիլի 27-ին: Նրա արվեստը մեծ հաշվով կանխորոշել է հայ ֆիլմարվեստի հետագա զարգացումները, գեղարվեստական յուրօրինակությունն ու բնութագրական հատկանիշները: