Հայտարարություն – տեղափոխվում ենք Դեբետ

581

«Ծիրանի ծառ» կինոփառատոնը երբեք չի սահմանափակվել եղածով և միշտ ձևաչափի թարմացման նոր ուղիներ է փնտրել։ Եթե 2015 թվականին փառատոնը տեղի ունեցավ Երևանում, ապա 2016 թվականին փառատոնային աշխարհագրության մեջ ներառվեցին նաև Ուջանն ու Գյումրին, իսկ արդեն 2017 թվականից մեր լավ բարեկամ, երջանկահիշատակ Մարտին Ադոյանի աջակցությամբ «Ծիրանի ծառը» հաստատվեց Ուջանում՝ իրականացնելով Հայաստանում գյուղական կինոփառատոնի բացառիկ նախագիծը։ Ուջանում ամեն տարի մեծ և փոքր նորամուծություններ էինք փորձարկում՝ մինչև վերջապես 2022 թվականին կայացավ ամենաընդարձակ ու ամենահարուստ «Ծիրանի ծառը»։

Այժմ մենք թևակոխում ենք փառատոնի զարգացման մի նոր տրամաբանական փուլ, և Ուջանից տեղափոխվում ենք Լոռու մարզի Դեբետ գյուղ, որտեղ 2023 թվականի օգոստոսին կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։ Թեև փառատոնի կարևորագույն բաղադրիչներից մեկը կմնա անփոփոխ՝ բոլոր մասնակիցները կապրեն գյուղացիների տներում, առանցքային փոփոխություն կլինի հեռավորությունը մեծ քաղաքից և նոր համայնքների ներգրավվածությունը փառատոնային աշխատանքներին։ Ի սկզբանե մենք մեր առաջնային նպատակներից էինք հռչակել Հայաստանում կինոոլորտի ապակենտրոնացումը, և այս քայլը հենց ի նպաստ դրա կլինի։ Մարտին Ադոյանի անվան հատուկ մրցանակը կմնա մեր փառատոնի գլխավոր պարգևների շարքում։

Անսահման շնորհակալ ենք Ուջանի մեր բոլոր ընկերներին ու գործընկերներին, որ օգնում էին մեզ վերջին 6 տարիներին իրականություն դարձնել փառատոնը։ Մասնավորապես՝ մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Ադոյանների ողջ ընտանիքին, Դանիել Ազատյանին, Նաիրի Կիրակոսյանին, Նաիրի Մանվելյանին, Ռազմիկ և Ռուբեն Սարգսյաններին, Գուրգեն Շահինյանին, Սևադա Պետրոսյանին, Փայլակ Հակոբյանին, Թագուհի Սիմոնյանին, Խաչիկ Հարությունյանին, Գոռ Հարությունյանին և բոլոր նրանց, ովքեր փառատոնի մասնակիցներին հյուրընկալում էին իրենց տներում։ Հուսով ենք՝ Ուջանի հետ մեր կապերն այսքանով չեն ամփոփվի, և մեր համագործակցությունը կշարունակվի ապագայում այլ նախագծերի շրջանակում։