Ժան Ռուշ. արկածախնդիր ռեժիսորը

3308

Ժան Ռուշ. արկածախնդիր ռեժիսորը

Ֆրանսիացի կինոգործիչ Ժան Ռուշի ճակատագիրը փոխկապակցված է նրա ծավալուն գործունեության հետ, որտեղ տեսնում ենք ազգագրական հետազոտության, բայցև սյուրռեալիզմի տարրեր, կինեմատոգրաֆիկ նորարարություն և աֆրիկյան արկածային պատմություններ: 1917թ.-ին ծնված արվեստագետը նոր կյանք է հաղորդել XXդ.-ի երկրորդ կեսի կինովավերագրությանը: Նիամեյում՝ Նիգեր գետի ափերին, որտեղ հիմա հանգչում է նա, և ուր մեզ տեղափոխում է Լորան Վեդրինի այս ֆիլմը՝ ներկան շաղկապելով ռեժիսորին պատկերող բացառիկ վավերագրական կադրերի հետ, նրա ճամփորդական ընկերներն ու ժառանգորդներն նկարում են դիմանկարն այն կինոգործչի, ով հիմնել է էթնոֆիկցիան ու սինեմա վերիտեն և ով պատմելով ուրիշների կյանքը՝ կերտում էր սեփականը:

Լորան Վեդրին

1976թ.-ին Փարիզում ծնված Լորան Վեդրինը ֆրանսիացի կինոգործիչ է, ռադիո պրոդյուսեր և կրքոտ մեղվապահ: Ի սկզբանե իրավագիտություն, պատմություն և մարդաբանություն է ուսանել, ինչից հետո ընդունվել է Լիլի Լրագրության բարձրագույն դպրոց: Որպես լրագրող՝ համագործակցել է զանազան շաբաթաթերթերի հետ, եղել է արվեստի քննադատ և պատկերազարդող: 2005թ.-ից ի վեր փաստագրական ֆիլմեր է նկարում հեռուստատեսության և մեծ էկրանի համար: Նրա ֆիլմերի մեծ մասը ոգեշնչված են մարդաբանական և քաղաքական հարցերով, որոնց նա բախվում է Աֆրիկայում: Որպես ռադիոմասնագետ՝ Վեդրինը վավերագրություններ և փորձառական պատմություններ է արտադրում՝ հիմանականում Ֆրանսիական ռադիոյի համար: Վեդրինն անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր և մարդաբան Ժան Ռուշի հիմնած Ազգագրական կինոյի կոմիտեի ակտիվ անդամ է, ինչպես նաև անդամակցում է Ֆրանսիայի աֆրիկանիստների կազմակերպությանը: Վեդրինը նաև բնապահպանական ակտիվիստ է և «Դարդարդ» քաղաքային մեղվապահների ասոցիացիայի հիմնադիր:

Ֆիլմոգրաֆիա
Աքսումի կոթողը, 2006
Կինշասա-պեկինյան պատմություն, 2008
Ճաշ՝ խոտի տակ, 2011
Հեծանվային թագուհին, 2013
Ժան Ռուշ. արկածախնդիր ռեժիսորը, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Ֆրանսիա, 2017, 53’
ֆրանսերեն՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր՝ Լորան Վեդրին
Սցենարիստներ`Լորան Վեդրին, Լորան Պելե
Պրոդյուսեր՝ Քսավյե Մարլիանժ
Օպերատորներ՝ Ֆիլիպ Ռադու, Լորան Վեդրին
Մոնտաժը՝ Ան Ռենարդեի
Ձայնը՝ Կոռնեյ Հուսուի
Արտադրող ընկերություն՝ Roches Noires, Maggia Images