Սա է կյանքը

2914

Սա է կյանքը

Այս զվարճալի, բայցև թախծոտ վավերագրության հինգ հերոսներն էլ ապրում են արևելյան Վրաստանի Թելավ քաղաքում: Նրանցից երկուսը գերմանացի են: Մեկը՝ նախկին հրշեջը, ով ժամանակին մի ամբողջ թանգարան է փրկել կրակից, այժմ դաշնամուր է նվագում բարեգործական տանը: Նա ապրում է պահածոների վաղուց լքված գործարանում և երազում է հավերի ֆերմա հիմնել: Երկրորդ գերմանացին արդեն քսան տարի է էլեկտրականություն չունի, այդ իսկ պատճառով ինքն է էլեկտրաէներգիա գեներացնող վառարան հորինել: Իր կիսաքանդ տունը նա անվանում է «ջարդված Խորհրդային Միության» խորհրդանիշ: Երրորդ հերոսը ևս «տնային» խնդիր ունի. նրա տունն անմխիթար վիճակում է, բայցև պետության կողմից պաշտպանվող պատմական հուշարձան է: Ու հենց մեր հերոսը փորձում է մի բան վերանորոգել, քաղաքապետարանն անհապաղ տուգանում է նրան: Չորրորդը՝ նախկին ինժեներն ու դասախոսը, նախընտրում է ողջ օրը մնալ տանը, ռոք լսել ու փնթփնթալ: Սակայն նա էլ երազում է էլիտար լողավազան բացել Թելավիում և ջանում է գտնել 1 մլն դոլար ներդրողին: Ի հակառակ նրան՝ հինգերորդ հերոսն արդեն իսկ հաջողակ ֆերմեր ու գործարար է: Նրան աշխատուժ է հարկավոր, բայց ոչ ոք չի ուզում աշխատել: Այդ իսկ պատճառով նա առանձնանում է իր ֆերմայի փոքրիկ մատուռում, որ աղոթի ավելի լուսավոր գալիքի համար:

Պարգևներ
Լավագույն վավերագրություն, Ազգային մրցույթ, Թբիլիսիի ՄԿՓ, Վրաստան, 2016
Ժյուրիի հիշատակում, Camerimage ՄԿՓ, Բիդգոշ, Լեհաստան, 2017

Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի

1973թ.-ին ծնված Կունցև-Գաբաշվիլին վրաց ռեժիսոր է, ով աշխատել է թե՛ Վրաստանում, թե՛ Գերմանիայում: Նա սովորել է Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի ինստիտուտում՝ մասնագիտանալով օպերատրության (1991-1993) և կինոռեժիսուրայի (1993-1997) մեջ՝ ի վերջո ավարտելով գերազանցությամբ: Այնուհետև DAAD-ի կրթաթոշակով հաճախել է Մյունխենի կինոյի ավագ դպրոցը (Գերմանիա):

Ֆիլմոգրաֆիա
Առավոտյան սիրերգ, 1996
Խնձորներ տղամարդկանց համար, 1998
Հեքիաթների վայրը, 2001
Մոռացված դիմանկար ինտերիերում, 2006
Երազ, 2009
Տուն, իմ անուշ տուն, 2009
Կյանքի դպրոցը, 2010
Ճակատագրական թռիչք, 2011
Արչևանի, 2012
Գարի Կունցև, 2014
Պատկերացրու, 2017
Սա է կյանքը, 2016
Հստակ աշխարհ, 2018

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Վրաստան, 2016, 80’
վրաց., ռուս., գերմ.՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի
Պրոդյուսեր՝ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի
Օպերատոր՝ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի
Մոնտաժը՝ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլու
Ձայնը՝ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլու
Արտադրող ընկերություն՝ Production Studio “Akrobat”