Վիլանդ Շփեկ
Վիլանդ Շփեկը գերմանացի կինոռեժիսոր է, ով 1992-2017թթ. եղել է Բեռլինի կինոփառատոնի «Համայնապատկեր» բաժնի համակարգողը, իսկ այժմ փառատոնի հիմնական ծրագրի խորհրդականն է: 1951թ.-ին ծնված Շփեկը գերմանական գրականություն, դրամա և ազգագրություն է ուսանել Բեռլինի Ազատ համալսարանում: Այնուհետև սկսել է աշխատել կինո և վիդեո նախագծերի վրա, գրող և հրատարակիչ է եղել: Բացի այդ՝ դերեր է ունեցել բազում անվանի ռեժիսորների՝ Դևիդ Հեմինգսի, Ռոբերտ վան Աքերենի, Ուլրիկե Օթինգերի և Յան Փրինգլեի ֆիլմերում: Ուշ 1970-ականներին Շփեկը բեռլինյան անկախ, արտհաուսային «Tali-Kino» (այժմյան «Moviemento») կինոթատրոնի տնօրենն էր: 1979-1981թթ. Շփեկը կինո է ուսանել Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում: Նա բազմաթիվ ֆիլմերի և հեռուստանախագծերի ռեժիսոր, հեղինակ և պրոդյուսեր է: Շփեկն աշխատել է բազմաթիվ կինոհաստատություններում և միջոցառումների համար՝ այդ թվում Ֆիլմհաուս Բեռլինում, Բադեն-Վյուրթեմբերգի Կինոբյուրոյում և Եվրոպական կարճ ֆիլմերի Բեռլինի փառատոնում: Նա նաև դասավանդել է մի շարք համալսարաններում և կինոբուհերում: Վիլանդ Շփեկը եղել է և շարունակում է լինել բազում կինոփառատոների ժյուրիի անդամ, ինչպես նաև կինոծրագրեր է համակարգում և դասախոսություններ է վարում: Նա եղել է Բեռլինի պետական կինոհիմնադրամի (1990-1993) և Համբուրգի կինոհիմնադրամի (1994-1998) խորհրդի անդամ: