Փախուստ դեպի կյանք. Էրիկա և Կլաու Մաների պատմությունը

4743

Փախուստ դեպի կյանք. Էրիկա և Կլաու Մաների պատմությունը

Էրիկա և Կլաուս Մաները՝ գրող Թոմաս Մանի մեծատաղանդ ավագ երեխաները, հաճախ պնդում էին, թե երկվորյակներ են՝ չնայաժ նրան, որ մեկ տարվա տարբերությամբ էին ծնվել, տարբեր սեռի էին ու արտաքնապես նման չէին: Սակայն նրանք երկվորյակների պես մտերիմ էին, և հենց դա նրանց ուժ տվեց այդքան արտասովոր և պտղաբեր կյանք վարել: Ֆիլմի նախաբանում ներկայացվում է նրանց աքսորը՝ նացիստական Գերմանիայից «փախուստը դեպի կյանք»: Ամերիկյան աքսորի տարիները շրջադարձային էին նրանց համար, քանզի այդ ժամանակ հարաբերություններում սկսեցին ճաքեր երևալ: Ֆիլմն աստիճանաբար ծանոթացնում է հանդիսատեսին նրանց մանկությանը և անցնում է նրանց գունագեղ կյանքի զանազան դրվագներով: Էրիկա և Կլաուս Մաները գրող էին, դերասան, միասեռական էին և պացիֆիստ: Բարոյական և քաղաքական մեծ անորոշության դարաշրջանում նրանց բարոյական ու քաղաքական համոզմունքները շատ հստակ էին ու անսասան՝ մինչդեռ ամենօրյա կյանքը լի էր հակասություններով: Կլաուսը գրող էր, սակայն տեսավ ինչպես է արգելվում իր երկերի տպագրությունը: Էրիկան դերասանուհի էր, ով տեսավ ինչպես են օրենքներ ընդունվում, որպեսզի նա Եվրոպայում այլևս չխաղա: Կլաուսը պացիֆիստ էր, ով կամավորագրվեց ամերիկյան բանակ, որ պայքարի նախկին հայրենիքի դեմ: Ֆիլմում միահյուսված են հազվագյուտ արխիվային կինոնյութը, լուսանկարները, երաժշտությունն ու ռադիո ձայնագրությունները, հարցազրույցներն ու Էրիկա և Կլաուս Մաների գրվածքների հիման վրա նկարված խաղարկային դրվագները:

Վիլանդ Շփեկ

Վիլանդ Շփեկը գերմանացի կինոռեժիսոր է, ով 1992-2017թթ. եղել է Բեռլինի կինոփառատոնի «Համայնապատկեր» բաժնի համակարգողը, իսկ այժմ փառատոնի հիմնական ծրագրի խորհրդականն է: 1951թ.-ին ծնված Շփեկը գերմանական գրականություն, դրամա և ազգագրություն է ուսանել Բեռլինի Ազատ համալսարանում: Այնուհետև սկսել է աշխատել կինո և վիդեո նախագծերի վրա, գրող և հրատարակիչ է եղել: Բացի այդ՝ դերեր է ունեցել բազում անվանի ռեժիսորների՝ Դևիդ Հեմինգսի, Ռոբերտ վան Աքերենի, Ուլրիկե Օթինգերի և Յան Փրինգլեի ֆիլմերում: Ուշ 1970-ականներին Շփեկը բեռլինյան անկախ, արտհաուսային «Tali-Kino» (այժմյան «Moviemento») կինոթատրոնի տնօրենն էր: 1979-1981թթ. Շփեկը կինո է ուսանել Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում: Նա բազմաթիվ ֆիլմերի և հեռուստանախագծերի ռեժիսոր, հեղինակ և պրոդյուսեր է: Շփեկն աշխատել է բազմաթիվ կինոհաստատություններում և միջոցառումների համար՝ այդ թվում Ֆիլմհաուս Բեռլինում, Բադեն-Վյուրթեմբերգի Կինոբյուրոյում և Եվրոպական կարճ ֆիլմերի Բեռլինի փառատոնում: Նա նաև դասավանդել է մի շարք համալսարաններում և կինոբուհերում: Վիլանդ Շփեկը եղել է և շարունակում է լինել բազում կինոփառատոների ժյուրիի անդամ, ինչպես նաև կինոծրագրեր է համակարգում և դասախոսություններ է վարում: Նա եղել է Բեռլինի պետական կինոհիմնադրամի (1990-1993) և Համբուրգի կինոհիմնադրամի (1994-1998) խորհրդի անդամ:

Ընտիր ֆիլմոգրաֆիա
Դևիդը, Մոնթգոմերին ու ես, 1980
Հրատապ փրկության ձայնը, 1982
Արևմուտքցին, 1985 (խաղարկային)
Տղամարդկանց շուրջ, 1991
Փախուստ դեպի կյանք. Էրիկա և Կլաուս Մաների պատմությունը, 2000

Անդրեա Վայս

Անդրեա Վայսն անկախ կինովավերագրող է ու գրող և կինո/վիդեո է դասավանդում Նյու Յորքի Քաղաքային քոլեջում, որտեղ նաև կինոյի մագիստրոսական ծրագրի ղեկավարներից է: Վայսը «Սթոունվոլից առաջ. համասեռական համայնքի ակունքը» վավերագրության արխիվային հետազոտությունների ղեկավարն էր, ինչի համար արժանացել է Էմմի մրցանակի: Նա նաև պատմաբան է և գիտական որակավորումը ստացել է Ռութգերսի համալսարանում: 1984թ.-ին ընկերուհու՝ Գրետա Շիլերի հետ հիմնադրել է «Jezebel Productions» ոչ առևտրային կինոընկերությունը: Վայսն է նաև հեղինակել «Կախարդական լեռան ստվերում. Էրիկա և Կլաուս Մաների պատմությունը», որի համար պարգևատրվել է «Հրատարակչական եռանկյունու» մրցանակին, «Փարիզը կին էր», որն արժանացել է Լամբդայի գրական մրցանակին, և «Վամպիրներ ու մանուշակներ. լեզբուհիները կինոյում» գրքերը: Նրա 2017թ.-ի «Կռվախնձորները» լիամետրաժ վավերագրության պրեմիերան եղել է Բեռլինի կինոփառատոնում, ինչից հետո այն արժանացել է ռուսաստանյան «Կողք կողքի» կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» պարգևին:

Ընտիր ֆիլմոգրաֆիա

Ռիթմի միջազգային սիրելիները, 1986 (կարճ վավ.)
Փարիզը կին էր, 1996 (սցենարիստ)
Մի քիչ ալ կարմիր, 1997
Սառայի սերմը, 1998 (կարճ. խաղարկային)
Փախուստ դեպի կյանք. Էրիկա և Կլաուս Մաների պատմությունը, 2000
ՄԱԿ-ի տենդ, 2008
Կռվախնձորները, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Գերմանիա/ ՄԹ, 2000, 85’
անգլերեն, գերմաներեն՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսորներ՝ Վիլանդ Շփեկ, Անդրեա Վայս
Սցենարիստ`Անդրեա Վայս
Պրոդյուսեր՝ Գրետա Շիլեր
Օպերատորներ՝ Նուալա Քեմբլ, Ուլի Ֆիշեր, Էն Թի. Ռոզեթի
Մոնտաժը՝ Պրիսկա Սվանի, Անդրեա Վայսի
Պատմողներ՝ Վանեսա Ռեդգրեյվ, Քորին Ռեդգրեյվ
Արտադրող ընկերություն՝ Jezebel Productions, Zero Film GmbH