ԷԼԻ ԿԳԱՍ, ՊԱՊ

3255

ԷԼԻ ԿԳԱՍ, ՊԱՊ

Հայաստան, 2019, 37’
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Հովհաննես Իշխանյան
Օպերատոր՝ Հովհաննես Իշխանյան
Պրոդյուսեր՝ Հովհաննես Իշխանյան
Մոնտաժող՝ Հովհաննես Իշխանյան
Հնչյունավորողներ՝ Ռաֆայել Իշխանյան
Արտադրող ընկերություն՝ Chai Khana

Պապու և թոռան երբեմնի ջերմ հարաբերությունները վերջին տարիներին հետզհետե լարվեցին։ Հինգ անգամ ամուսնացած 78-ամյա Հարություն Խաչատրյանն ապրում է Երևանում՝ իր կառուցած մեծ տանը։ Նա օրուգիշեր աշխատում է, բայց ապարդյուն: Անդադար փորձում է համոզել թոռանը՝ Հովհաննես Իշխանյանին, որպեսզի օգնի իրեն։ Ժամանակին Հովհաննեսը նրա աջ ձեռքն էր, բայց հիմա անտեսում է պապին։ Հովհաննեսը, որն այժմ մեծացել է ու ռեժիսոր է, որոշում է կարգավորել հարաբերությունները պապի հետ։ Սկսում է ժամանակ անցկացնել Հարութի հետ՝ իմանալու նրա կյանքի, ընտանիքի պատմության մասին, ու պարզելու, թե ինչն էր իրենց օտարացման պատճառը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆ

1988 թվականին Երևանում ծնված Հովհաննես Իշխանյանը լրագրող, գրող և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է։ Ավարտել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ծրագրավորման բաժինն, այնուհետև Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի լրագրության բաժինը։ Աշխատել է «Անկախ», «Երկիր», «Առավոտ» թերթերում և «Փինք Արմենիա» իրավապաշտպան կազմակերպությունում, համագործակցում է «Չայ Խանա» հարթակի և «Ամերիկայի Ձայն»-ի հետ։ Հրատարակել է «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն։ Նրա ֆիլմերն անդրադառնում են ստալինյան բռնաճնշումներին, մարդու իրավունքների հարցերին, միգրացիային, հասարակական, սոցիալական, քաղաքական ու արվեստի խնդիրներին։ Այժմ աշխատում է իր առաջին վավերագրական լիամետրաժ «Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմի վրա։

Ֆիլմոգրաֆիա

Ընտանեկան ալբոմ (2014), Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին (սցենարի հեղինակ, 2016), Իլիկի անավարտ պորտրետը (2018), Նախկինների խրոնիկա (համահեղինակ, 2018), Էլի կգաս, պապ (2019), Խոպանից առաջ (2020), Կաց, անցորդ, կաց (2020), Մենավարտը (2020), Սևաբերդի Քիմիան (2020), Քնարվեստ (2020):