ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

918

Կորոնավիրուսի համավարակի հարուցած իրադրությունը բոլորովին նոր տիպի լուծումներ է պահանջում հանրային մշակութային միջոցառումների կազմակերպման ասպարեզում:  Մեկշաբաթյա կինոփառատոնը մեխանիկորեն օնլայն տիրույթ տեղափոխելու փոխարեն՝ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչները մի նոր մոտեցում են որդեգրում, որն իր մեջ կհամատեղի և ֆիզիկական կինոցուցադրությունները և առցանց ակտիվությունը:

Սեպտեմբերի 14-20-ը, նախատեսվածի պես, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում արդեն 6-րդ անգամ տեղի կունենա «Ծիրանի ծառ» կինոփառատոնը՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Այդ մեկ շաբաթվա ընթացքում գյուղում ոչ միայն բացման արարողություն և բացօթյա կինոցուցադրություններ տեղի կունենան, այլև Ուջանի համայնքային գրադարանի հիմքը կդրվի՝ «Անտարես» հրատարակչության կողմից գրքերի մեծածավալ խմբաքանակի նվիրաբերությամբ:

Սեպտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 27-ը փառատոնը կտեղափոխվի օնլայն տիրույթ: Յուրաքանչյուր շաբաթ 2 անգամ օնլայն կցուցադրվեն փառատոնի լիամետրաժ ու կարճամետրաժ մրցութային ծրագրերում տեղ գտած շուրջ 15 փորձարարական, մարդաբանական և անիմացիոն վավերագրական ֆիլմերը՝ աշխարհի 13 երկրից: Եվ քանի որ «Ծիրանի ծառ» կինոփառատոնի նպատակը միշտ եղել է միջազգային մասնագիտական կապերի ձևավորմանն ու մասնագիտական երկխոսությանը խրախուսելը՝ յուրաքանչյուր օնլայն ցուցադրությանը կհետևի ծավալուն օնլայն քննարկում՝ փառատոնի բոլոր՝ թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի մասնակիցների մասնակցությամբ: Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են հայերեն ենթագրերով, իսկ քննարկումներն ուղեկցվելու են հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ:

Հաղթողներին դեկտեմբերի վերջում՝ փակման արարողության ժամանակ, կհայտարարի փառատոնի ժյուրին, որի կազմում են լինելու «Ծիրանի ծառ» և բազմաթիվ այլ կինոփառատոնի դափնեկիր ռեժիսորներ Կոշտանա Բանովիչը (Նիդերլանդներ) ու Մոնիկա Պավլուչուկը (Լեհաստան), ինչպես նաև հայ արձակագիր ու կինոխմբագիր Ագնեսա Սևունցը: Հատուկ մրցանակ կհանձնեն նաև հանդիսատեսը՝ օնլայն քվեարկության արդյունքում, ինչպես նաև փառատոնի մասնակիցները, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն և Ուջանի համայնքը:

Այսինքն՝ թեպետ ֆիլմերի հեղինակները հնարավորություն չեն ունենա ֆիզիկապես ներկա լինել Ուջանում իրենց ֆիլմերի ցուցադրությանը՝ իրենք միևնույն է շուրջ 4 ամիս միասին կանցկացնեն արվեստագիտական բուռն քննարկումների մեջ:

Հայ հանդիսատեսը, որը 2020 թվականի մարտից ի վեր զրկված էր կինոթատրոն հաճախելու հնարավորությունից, օնլայն տիրույթում 4 ամիս շարունակ կծանոթանա արդի համաշխարհային վավերագրական կինոյի լավագույն նմուշներին՝ դիտելով ֆիլմեր, որոնք այլապես Հայաստան չէին հասնի: Փառատոնային այս բացառիկ ձևաչափը լավագույնը կլինի ներկայիս պայմաններում հնարավորինս լայն հանդիսատես գրավելու համար:

Շաբաթական այս ցուցադրությունները գերազանց հիմք կծառայեն «Ֆիլմադարան» ՀԿ-ի կողմից նախաձեռնվող առաջին հայկական բազմագործառույթային ինտերնետ հարթակի՝ Filmadaran.com-ի ստեղծման համար, որի տարբեր բաժիններում լինելու են առցանց կինոթատրոն՝ արդի համաշխարհային կինոյի Հայաստան չհասնող մարգարիտներ դիտելու հնարավորությամբ, և առցանց կինոդպրոց՝ առցանց կինոդասընթացներ անվանի միջազգային հեղինակների հետ ուսանողների, սկսնակ կինոգործիչների և մասնագետների համար, ինչպես նաև կինոյի պատմության ու տեսության վերաբերյալ դասախոսություններ ու քննարկումներ հետաքրքրված հանդիսականների համար: