Ուջանի մասին

884

Ուջան գյուղը գտնվում է Արագած լեռան հարավարևմտյան լանջի ստորոտում, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Երևան-Գյումրի ավտոմայրուղու 35-րդ կիլոմետրի վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից 1150 մետր է: Մարզկենտրոնից հեռու է 15 կիլոմետր:
Ուջանի տարածքում առկա տասնյակ քարանձավները, կիկլոպյան մի քանի ամրոցները, դամբարանադաշտերը, հնավայրերն ու պատմական հուշարձանները վկայում են, որ մարդիկ այստեղ ապրել են անհիշելի ժամանակներից: Գրավոր առաջին վկայությունը վերաբերում է IX դարի վերջին. այն թողել է հայոց կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Տարբեր վկայություններից, սերնդեսերունդ անցած զրույցներից ճշտվել է, որ գյուղի նախկին անունը եղել է Վժան: Արշակունիների և Բագրատունիների օրոք այն եղել է զորքի ձմեռանոց: XIII-XVI դարերում գյուղը եղել է շեն բնակավայրերից մեկը՝ նշանավոր եկեղեցիով, համահայկական նշանակություն ունեցող դպրոցով, որտեղ ուսանել են հայ քաղաքական ու կրոնական կյանքում կարևոր դեր ու համբավ ունեցող գործիչներ, որոնց թվում՝ Մելքիսեդեկ Վժանեցին: XIX դարի սկզբերին Վժանը հայաթափվել է, և գյուղի տարածք թափանցել են քոչվորները, որոնցից կովկասյան թաթարների մի քանի ընտանիքներ, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո, հաստատվում և մինչև Առաջին աշխարհամարտն ապրում են այստեղ՝ տարածքը հիմնականում օգտագործելով որպես արոտավայր: Հենց XIX դարի սկզբերից էլ Վժանը հանդես է գալիս Ուջան անունով:
Ուջանի ներկայիս բնակչությունը սկսել է կազմավորվել 1919 թվականից, երբ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից՝ Սասունի, Վանի, Էրզրումի, Մուշի կոտորածներից մի կերպ փրկված, հիմնականում 1-2 հոգուց կազմված շուրջ 80 ընտանիք եկավ և բնակություն հաստատեց այստեղ: Տարբեր տարիներին գյուղում հաստատվել են Հունաստանից և Սիրիայից գաղթածները, ինչպես նաև Ապարանից տեղափոխված մի քանի ընտանիք:
Երկրորդ աշխարհամարտի սկզբում Ուջանն ունեցել է շուրջ 900 բնակիչ, որոնցից 120 երիտասարդ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Նրանցից 42-ը զոհվել են տարբեր ճակատամարտերում:
Քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ Ուջանը կամաց-կամաց շենացել ու գեղեցկացել է՝ արդեն 1980-ականներին դառնալով հանրապետության բարգավաճ ու ծաղկուն գյուղերից: 1920-ականներից ի վեր Ուջանի տնտեսության մեջ կարևոր տեղ են զբաղեցրել ծխախոտագործությունը, խաղողագործությունը, հացահատիկի արտադրությունը, իսկ Արզնի-Շամիրամ ջրանցքի գործարկումից հետո՝ պտղագործությունը և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը: Ուջանում աճում են և յուրահատուկ համ ունեն հատկապես դեղձը, ծիրանը, խաղողը, խնձորը, թուզը և այլն:
1967 և 1989 թվականներին գյուղի կենտրոնական հատվածներում կանգնեցվում են Զորավար Անդրանիկի (քանդակագործ՝ Միքայել Ավետիսյան) և Ազատամարտիկների (քանդակագործ՝ Յուրի Մինասյան) հուշարձանները: Գյուղն ունի իր դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, ամբուլատորիան, մասնավոր մի քանի խանութներ, դեղատունը: Ներկայումս Ուջանն ունի շուրջ 1000 տնտեսություն՝ 600 տներով, մոտ 3400 բնակչությամբ:
2016 թվականից ի վեր Ուջանը սերտորեն համագործակցում է «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի հետ՝ իր հյուրընկալ դռները բացելով փառատոնի հյուրերի և մասնակիցների առաջ: Շուրջ մեկ շաբաթ ամեն տարի տեղացի և արտասահմանյան հյուրերն ապրում են հյուրընկալ ուջանցիների տներում, ամեն օր շփվում և հաց են կիսում նրանց, անմիջականորեն տեսնում են հայկական կենցաղն ու բարքը: Իսկ տեղական դպրոցի դահլիճն ու Զորավար Անդրանիկի հրապարակը դառնում են հետաքրքիր կինոցուցադրությունների և քննարկումների վայր:
2017 թվականից «Ֆիլմադարանի» առաջարկով Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը, «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակներում, գորգագործության դասընթացներ էր անում Ուջանի երեխաների հետ, ինչի արդյունքում իրենք ոչ միայն զարգացնում են ճաշակն ու վարպետանում ձեռագործության մեջ, այլև գործելու են փառատոնի մրցանակային գորգերն՝ ի ուրախություն մասնակիցների:
Ուջանցիները սիրում և հպարտանում են իրենց բնակավայրով: