Տների և տիեզերքի շուրջ

1802

Տների և տիեզերքի շուրջ

Այս ֆիլմը զգայական խորհրդածություն է մարդկանց, իրենց ապրելավայրերի և հավատքների մասին: Այստեղ կան բազում տեսարաններ, որտեղ մարդիկ որևէ ծիսական գործողություն են անում՝ մի բան այրում են, թղթի վրա գրում են, խաղաքարտեր են նայում, զառ են գցում, զննում են սուրճի դատարկ բաժակը… Ֆիլմը հանդիսատեսին զանազար տեղեր է տանում, սակայն չի պարզաբանում՝ որտեղ: Եվ այդպես կտրականորեն հրաժարվելով բացահայտել ծեսերի որոշակիությունները՝ ֆիլմն ավելի խորը խորհելու տարածություն է տալիս:

Բանովիչը ֆիլմ է արել այն տեսանյութի մասին, որը կուտակել է Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում իր բազմաթիվ ուղևորությունների ժամանակ: Ինքնին տեսանյութը՝ տեսախցիկը վերցնելու և կոճակը սեղմելու կինոռեժիսորի ազդակի նյութական մնացորդը, ասես խոսում է: Այլ կերպ ասած՝ պատկերներն են խոսում հեղինակից, այլ ոչ հակառակը: Ֆիլմում լսվող ձայները մշակույթի, իշխանության, քաղաքականության և պատմության նրբորեն միահյուսված թելեր են: Այն հրահրում է վճռական մտորումների աշխարհում լինելության, ժամանակի ծախսման և կյանքի ինքնավարության վերականգնման վերաբերյալ:

Կոշտանա Բանովիչ

Ծնվել է Սարաևոյում` նախկին Հարավսլավիայում: Ուսանել է Ուտրեխտի Արվեստների դպրոցի կերպարվեստի և դիզայնի ֆակուլտետում (Նիդերլանդներ), որտեղ այժմ դասավանդում է: Կոշտանան եղել է աշխարհի տարբեր ծայրերում, ծանոթացել է տարատեսակ մշակույթներին: Աշխատել է Կուբայում, Սենեգալում, Անգոլայում, Բրազիլիայում և Կարիբյան երկրներում, որտեղ վիդեո-արտ նախագծեր է մշակել տեղացիների հետ: Իր բոլոր գործերի՝ նկարչության, պերֆորմանսների, ֆիլմերի մեջ նա երբեք չի վախեցել մասնակցել ծեսերին՝ որպես «ես»-ի և իրեն հանդիպած զանազան մշակույթներում մարմնավորված «այլ»-ի միջև եղած հեռավորությունը կրճատելու միջոց: Նրա ճամփորդությունները ցույց են տվել, որ «այլ»-ը պետք է որոնել ներքինում, քանի որ այն «ես»-ի մտահոգիչ, բայց անքակտելի մասն է: Ծեսերին մասնակցելն ու դրանք հետազոտելը որպես ինքդ քեզ և ուրիշներին ճանաչելու միջոց Բանովիչի արվեստի առանցքային տարրերից է: Նրա գործերն շոշափում են արդի վիզուալ մարդաբանության, կինովավերագրության և կերպարվեստի սահմանները:

 

Ֆիլմոգրաֆիա

Երազների որսորդները, 2000
Na Tragu, 2001
Սեյ. սիրո տնտեսությունը, 2007
Մակերեսները, 2008
Oxum, 2009
Կարո՞ղ եմ մտնել, 2010
Exu, 2011
Roos, 2011
Մեռած, թե ողջ, 2011
Աստված իմ, 2012 (14-ալիքանի ինստալյացիա)
Տների և տիեզերքի շուրջ, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Նիդերլանդներ, 2016, 75’
առանց երկխոսությունների
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝
Կոշտանա Բանովիչ
Պրոդյուսեր՝
Կոշտանա Բանովիչ
Օպերատոր՝
Կոշտանա Բանովիչ
Մոնտաժը՝
Կոշտանա Բանովիչի
Ձայնը՝
Կոշտանա Բանովիչի