«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» ՈՒՋԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

846

2015 թվականին հիմնադրված «Ծիրանի ծառ» կինոփառատոնը, որի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն է, վավերագրական կինոյի ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում ուշ ամռանը կամ վաղ աշնանը Հայաստանի Արագածոտն մարզի Ուջան գյուղում։ Փառատոնի մասնակիցները ոչ միայն հնարավորություն են ստանում ներկա գտնվել իրենց ֆիլմերի ցուցադրությանը Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ, այլև ամենակարևորը՝ ապրում են գյուղացիների հետ նրանց տներում, ամեն օր հաց են կիսում և կինո են նայում միասին՝ անմիջականորեն տեսնելով հայ գյուղացու կենցաղն ու հայ մշակույթը։
Փառատոնի կազմակերպիչների համոզմունքն է, որ միայն ուրիշի հետ շփվելով ենք մենք ճանաչում ինքներս մեզ: Ճանաչելով զիս՝ ձգտում ենք ճանաչել նաև օտարին, և ճանաչելով միայն՝ լցվում ենք նրա հանդեպ համակրանքով: Եվ հակառակը՝ անծանոթն ու անհասկանալին անվստահություն, վախ ու թշնամանք են ծնում: Ճանաչել տարբեր ազգերի ու ցեղերի, սոցիալական ու կրոնական խմբերի կյանքն ու բարքը, նրանց ավանդույթները, խնդիրներն ու ապրումները՝ սա է «Ծիրանի ծառ»-ի կոչն ու ձգտումը: Եվ ոչինչ չի կարող ավելի լավ ու արդյունավետ իրականացնել այդ ձգտումը, քան «վավերագրական» կինոարվեստը, որի շնորհիվ հանդիսատեսը ոչ միայն տեսնում, այլև ապրումակցում է էկրանային իրականությանը։
Գյուղական կինոփառատոն կազմակերպելու գաղափարը ծնվել է Հայաստանում մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ցանկությունից․ մշակութային միջոցառումների գերակշիռ մասը տեղի է ունենում մայրաքաղաք Երևանում կամ Գյումրիում, իսկ գյուղական բնակչությունը մեծ մասամբ զրկված է միջազգային և անգամ հայրենական ժամանակակից արվեստի հետ շփվելու հնարավորություններից։ «Ծիրանի ծառը», որի ժամանակ ցուցադրություններին հրավիրվում են ոչ միայն ուջանցիները, այլև հարակից գյուղերի բնակիչները, նպատակ ունի լրացնել այս բացթողումը և գյուղական բնակչությանը արդի հայկական մշակութային կյանքի ակտիվ ու անբաժանելի մաս դարձնել։
Գյուղի աուտենտիկ միջավայրը չափազանց նպաստավոր է միջազգային կինոմասնագետների միջև կապերի ձևավորման համար։ Բացի այդ՝ մասնակիցները նոր ոգևորիչ իրականություն են բացահայտում և ազատ ու ընկերական մթնոլորտում իրենց գաղափարներով կիսվելու հնարավորություն են ստանում։
Փառատոնի ձևաչափն արդեն իսկ արդյունք է գրանցել։ 2017 թվականին փառատոնի գլխավոր դափնեկիր իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, սիրահարվելով գյուղական միջավայրին և իրեն հյուրընկալած ուջանցիների ընտանիքին, 2019 թվականին վերադարձել է Ուջան և հայ-իրանական համատեղ արտադրության լիամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանել այստեղ, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 22-ին՝ «Ծիրանի ծառ» 7-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը։
Փառատոնը ցուցադրում է բոլոր ժանրերի կարճամետրաժ ու լիամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ ազգագրական, մարդաբանական, փորձարարական, անիմացիոն և այլն։ Արտամրցութային ծրագրերում տեղ են գտնում անվանի կինոռեժիսորների հոբելյաններին նվիրված ռետրոսպեկտիվ ծրագրեր, հատուկ ցուցադրություններ։ Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր տարի ցուցադրվում է շուրջ 30 ֆիլմ։
Փառատոնի մրցանակները հատուկ այս առիթով կարված հայկական ավանդական գորգեր են, որոնց ստեղծմանը հաճախ մասնակցում են Ուջանի գորգագործության խմբակի երեխաները։ Խմբակը բացվել է 2018 թվականին Ժողովրդական արվեստի «Հանգույց» կողմից՝ «Ֆիլմադարան» ՀԿ-ի առաջարկով։ Գյուղում գործում է նաև Երաժշտական դպրոց և Նկարչության խմբակ, Երգի ու պարի համույթ, որոնք ակտիվորեն մասնակցում են փառատոնի միջոցառումների կազմակերպմանը։
2019 թվականին «Ֆիլմադարան»-ը նաև հիմնադրել է Ուջանի կինոդպրոցը, որտեղ 12-15-ամյա ուջանցի դեռահասները սովորում են զարգացնել իրենց արտիստիկ գաղափարներն ու «Ֆիլմադարան»-ի կինոմասնագետների աջակցությամբ ստեղծել սեփական կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը։ Կինոդպրոցի շրջանակում ստեղծված ֆիլմերը ցուցադրվում են փառատոնի փակման արարողությանը։