Ժան Ռուշ – 100

1949

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը բացվում է «Մեկ ամռան խրոնիկա» ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված Ժան Ռուշի 100-ամյակին:

Ժան Ռուշը (31 մայիսի, 1917 – 18 փետրվարի, 2004) ֆրանսիացի կինոռեժիսոր էր և մարդաբան, ով «սինեմա վերիտե»-ի («իրական կինոյի») և ազգագրական կինոյի հիմնադիրներից է համարվում: Երիտասարդ տարիքում իր համար սյուրռեալիզմը բացահայտած Ռուշի ֆիլմերից շատերը ջնջում են խաղարկայինի և ոչ խաղարկայինի սահմանը՝ ստեղծելով էթնոֆիկցիայի մի նոր տեսակ: Անդրանիկ ֆիլմը թողարկելով 1947թ.-ին՝ Ռուշն իր 60-ամյա գործունեության ընթացքում հասցրել է ստեղծել շուրջ 120 կինոնկար՝ հիմնականում կարճամետրաժ: Ստեղծագործական կյանքի մեկնարկին նա յուրահատուկ մտերմություն զգաց իր և Աֆրիկայի միջև՝ ֆիլմերից շատերում պատկերելով և ուսումնասիրելով մայրցամաքի ավանդույթներն ու ծեսերը՝ հաճախ դեմ գնալով հետգաղութային քաղաքական կոռեկտությանը: Հենց Ռուշն է համարվում Նիգերի կինոյի հայրը: Նրա առանցքային՝ «Ես՝ սևամորթս» (1958) ֆիլմը ոչ միայն հետգաղութային սևամորթային փորձառության ակնառու պատկերում է, այլև առաջինն է կիրառել հետագայում Ժան Լյուկ Գոդարի կողմից հանրայնացված «պատռված մոնտաժը»: Ֆրանսիական «նոր ալիքի» ռեժիսորները Ռուշին իրենցից մեկն էին համարում, իսկ Գոդարը մի առիթով նրա մասին գրել է. «Մարդու թանգարանի հետազոտական բաժնի ղեկավար. մի՞թե ավելի լավ սահմանում կա կինոռեժիսորի համար»: Ռուշը շարունակ ֆիլմեր էր նկարում թե՛ Աֆրիկայում, թե՛ Եվրոպայում ընդհուպ մինչև իր մահը Նիգերում՝ ավտովթարի արդյունքում:

«Մեկ ամռան խրոնիկան»՝ նկարահանված 1960թ.-ի ամռանը Փարիզում և Սան-Տրոպեուն, Ժան Ռուշի և սոցիոլոգ Էդգար Մորենի ռեժիսորական համագործակցության արգասիքն է, որը ստեղծվել է քվեբեկցի ռեժիսոր-օպերատոր Միշել Բրաուլի գեղագիտական և տեխնիկական աջակցությամբ: Ինքնախոհ այս վավերագրությունը սկսվում է Ռուշի և Մորենի քննարկումից, թե արդյոք հնարավո՞ր է անկեղծ լինել կինոխցիկի առջև: Այնուհետև հանդիսատեսը ծանոթանում է մի խումբ իրական անհատների հետ, և ռեժիսորներն ուղորդում են նրանց զրույցը ֆրանսիական հասարակությանը և երջանկության էությանը վերաբերող խնդիրների քննարկմանը: Դրանք էլ իրենց հերթին վերաճում են հուզիչ մենախոսությունների: Արդյունքում ստեղծվում է 1960-ականների ֆրանսիական իրականության լայնածավալ մի դիմանկար և կինոյի ու իրականության փոխազդեցության ուսումնասիրություն: Իր փորձարարական և նորարարական կառուցվածքի համար, որը ստիպում է վավերագրական ֆիլմի հերոսներին կարեկցել՝ ինչպես խաղարկային ֆիլմում, «Մեկ ամռան խրոնիկան» իր արժանի տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ֆիլմերի շարքում: Ինքնին «սինեմա վերիտե» եզրույթը, որն առաջարկել էր ֆիլմի գովազդով զբաղվողը և շրջանառության մեջ է մտցրել Ռուշը, առաջին անգամ կիրառվել է հենց այս ֆիլմի կապակցությամբ՝ շեշտելով կինոյի և նրա համատեքստի միջև կապը: