
ԿՈՇՏԱՆԱ ԲԱՆՈՎԻՉ
Կոշտանա Բանովիչը վիզուալ արտիստ է և կինոռեժիսոր: Ծնվել է Սարաևոյում` նախկին Հարավսլավիայում: Ուսանել է Ուտրեխտի Արվեստների դպրոցի կերպարվեստի և դիզայնի ֆակուլտետում (Նիդերլանդներ), որտեղ այժմ դասավանդում է: Կոշտանան եղել է աշխարհի տարբեր ծայրերում, ծանոթացել է տարատեսակ մշակույթներին: Աշխատել է Կուբայում, Սենեգալում, Անգոլայում, Բրազիլիայում և Կարիբյան երկրներում, որտեղ վիդեո-արտ նախագծեր է մշակել տեղացիների հետ: Իր բոլոր գործերի՝ նկարչության, պերֆորմանսների, ֆիլմերի մեջ նա երբեք չի վախեցել մասնակցել ծեսերին՝ որպես «ես»-ի և իրեն հանդիպած զանազան մշակույթներում մարմնավորված «այլ»-ի միջև եղած հեռավորությունը կրճատելու միջոց: Նրա ճամփորդությունները ցույց են տվել, որ «այլ»-ը պետք է որոնել ներքինում, քանի որ այն «ես»-ի մտահոգիչ, բայց անքակտելի մասն է: Ծեսերին մասնակցելն ու դրանք հետազոտելը որպես ինքդ քեզ և ուրիշներին ճանաչելու միջոց Բանովիչի արվեստի առանցքային տարրերից է: Նրա գործերն շոշափում են արդի վիզուալ մարդաբանության, կինովավերագրության և կերպարվեստի սահմանները: 2016 թվականին նրա «Կարող եմ մտնել» ֆիլմն արժանացել է «Ծիրանի ծառ» 2-րդ միջազգային փառատոնի Լիամետրաժ մրցույթի Գլխավոր մրցանակին: