ՀՀ մշակույթի նախարարի շնորհավորական ուղերձը – 2015

Ողջունում եմ ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և հայ կինոգործիչների նոր նախաձեռնությունը՝ էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնը: Լիահույս եմ, որ այն մեր ազգային մշակույթի հանրահռչակման համար նոր հարթակ կհանդիսանա: Ուրախությամբ եմ արձանագրում, որ հայաստանյան փառատոների ընտանիքը համալրվեց ևս մի նախագծով, որի անունը՝ «Ծիրանի ծառ», արդեն իսկ խորհրդանշական ու տրամադրող է: Մեր ազգային ժառանգությունն այս անգամ կինոյի լեզվով է բացահայտվում, ինչը նշանակում է, որ ժողովրդական ակունքներից բխող արժեքները կինոէկրանի շնորհիվ վերակենդանանում են ու փոխանցվում սերունդներին։
Ժողովրդական ստեղծագործությունը, ժողովրդագրությունը և մարդաբանությունը կինեմատոգրաֆի կողմից արծարծվող ամենահետաքրքիր թեմաներից են, որոնց անդրադառնում են հատկապես դարավոր ավանդույթներ ունեցող ժողովուրդները։ Կինոարվեստը շռայլ հնարավորություն ունի նաև բացահայտելու մեր ազգային ժառանգության թաքնված շերտերը: Թող «Ծիրանի ծառն» ամուր արմատներ գցի մեր մշակութային անդաստանում և կինոժապավենին հանձնված մեր ազգագրությանը նոր կյանք տա:
Հասմիկ Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարար
