Կարմիրը պատել է ծովը
«Կարմիրը պատել է ծովը» ֆիլմը 1960-ականների նորվեգացի կետորսների ճշմարտացի դիմանկարն է, որը նկարվել է Տրոմսո քաղաքի շրջակա ծովում: Առանց դերասանների և դիկտորական տեքստի այս ֆիլմը պատկերում է նորվեգացի նավաստիներին, ովքեր հրաժեշտ են տալիս իրենց քաղաքին և ուղևորվում բաց ծով: Մինչ մռնչում է շարժիչը և բղավում են ճայերը, մինչ նավը կտրում-անցնում է վրա հասնող ալիքները՝ նավաստիները զրուցում են, սուրճ են խմում և սրում են հարպունները՝ պատրաստվելով որսի: Ֆիլմն իր հայացքը չի թեքում մանրուքներից: Կարմիրն իրոք պատում է ծովը:
Փիթեր Փուլի գործերի մեծ մասը, այդ թվում և այս ֆիլմը, ոչնչացումից փրկել է պարոն Յուսսի Ֆլեմինգ Բյոռնը. նախկին ժառանգը դրանց մեջ արժեք չէր տեսնում: Բյոռնը նվիրաբերել է այս ֆիլմերն ու լուսանկարները նորվեգական թանգարաններին, ինչպես օրինակ՝ Սանդեֆյորդ քաղաքի կետորսության թանգարանին: Վերջինիս աջակցությամբ՝ Բյոռնը հաջողվել է թվայնացնել «Կարմիրը պատել է ծովը» ֆիլմը:
Փիթեր Փուլ
1937թ.-ին Անգլիայում ծնված Փիթեր Փուլը արկածախնդիր ճանապարհորդ էր և կինոռեժիսոր: Շուրջ 6 տարի (1960-1966) ապրել է Հյուսիսային Նորվեգիայում սամի ժողովրդի հետ և վավերագրել է նրանց կյանքը թե՛ կինոժապավենի վրա, թե՛ ռադիոյով: Նա մասնակից է եղել թե՛ փոկորսական, թե՛ կետորսական, թե՛ ցանցային ձկնորսության արշավներին, որոնց մասին մի քանի ֆիլմ է արել: Այնուհետև վերադարձել է Անգլիա և կարճատև դադարից հետո մեկնել Ռոդեզիա և Հարավային Աֆրիկա՝ տեղական ֆիլմարտադրության ոլորտում աշխատելու: 18 տարի Աֆրիկայում ապրելուց հետո՝ կրկին վերադարձել է Անգլիա, որտեղ համագործակցել է հեռուստալրատվական ընկերությունների հետ: Այս աշխատանքը պարբերաբար բերում էր նրան հետ Սկանդինավիա ցնցող լուրերի, օրինակ՝ ռուսական սուզանավերի դժբախտ պատահարների լուսաբանման համար: 1988-ին Փուլը Հայաստանի երկրաշարժը լուսաբանող անգլիական լրատվական խմբի անդամն էր: Փիթերը մահացել է 2007թ.-ին՝ Լոնդոնում: