Ռուբեն Գևորգյանց

2098
roubengevorgyan

Ռուբեն Գևորգյանց

Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին կինոռեժիսոր Ստեփան Կևորկովի ընտանիքում: 1962-1964թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայում կինոմեխանիկի օգնական և ռեժիսորի օգնական՝ հայկական հեռուստատեսությունում: 1964-ին ընդունվել է և 1969-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը (Վ. Աճեմյանի արվեստանոց): 1969-1971թթ. «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ռեժիսոր է եղել: 1971թ.-ից աշխատում է Հայաստանի քրոնիկալ-վավերագրական ֆիլմերի ստուդիայում (այսօր՝ «Հայկ» կինոստուդիա): 1968թ.-ին նկարահանել է իր առաջին վավերագրական՝ «Ներսիսյանցիները», 1977-ին՝ առաջին խաղարկային կարճամետրաժ՝ «Վերադարձի ճամփան» և 1983-ին՝ առաջին խաղարկային լիամետրաժ՝ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» կինոնկարները:
1982թ.-ից «Հայֆիլմի» վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարն էր, իսկ 1989-ից՝ այդ միավորման հիման վրա ստեղծված «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու խորհրդի նախագահը: 2004 և 2009 թթ.-ին ընտրվել Միության նախագահ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի պրոֆեսոր է: Հայաստանի ժողովրդական արտիստ: Գևորգյանցի ֆիլմերը բազմիցս արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների: