Վերջին օրը

2697

Վերջին օրը

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ փառատոնը բացվում է «Վերջին օրը» ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի հիշատակին:

1971 թվականին Դոնի Ռոստովում ծնված Ռաստորգուևն ուսանել է Ռոստովի պետական համալսարանի փիլիսոփայության բաժնում և ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերարվեստի պետական ակադեմիան: 2001 թվականին հիմնել է «Կինո» ստուդիան: Որպես ռեժիսոր Ռաստորգուևն աշխատել է պետական շրջանային Дон ТР հեռուստաալիքում, սակայն «Մաքուր հինգշաբթի» (2004) ֆիլմի նկարահանման արդյունքում նկարահանող ողջ անձնակազմի հետ ազատվել է աշխատանքից: Համագործակցել է նաև ռուսական НТВ հեռուստաալիքի պետերբուրգյան մասնաճյուղի հետ:
Ռաստորգուևը նոր ռուսական վավերագրական կինոյի ռահվիրա էր և առաջատար դեմքերից, ով հիանալիորեն որսացել էր հետխորհրդային՝ 2000-ականների Ռուսաստանի մթնոլորտը՝ մասնավորապես «Նրբերի տապը. վայրի, վայրի ծովափ» ֆիլմում (2005), որն արժանացել է Անդրեյ Զվյագինցևի պես վարպետների գովասանքին: 2009 թվականին Ռաստորգուևը մանիֆեստ էր հրապարակել, որտեղ գրում էր, թե արդի դարաշրջանի կինովավերագրողները պետք է ոչ թե պարզապես կողքից լուռ դիտարկեն մարդկանց կյանքը, այլ վերածվեն այդ մարդկանց, ձգտեն «չօբյեկտիվության», այլ ոչ օբյեկտիվության՝ որսալով և էկրանին պատկերելով միմիայն խորքայինն ու նեղ անձնականը:
Գործունեության ընթացքում Ռաստորգուևն արժանացել է Մոսկվայի «ԱրտԴոկՖեստ» փառատոնի Դափնու ճյուղին («Մայրիկներ» (2001) և «Նրբերի տապը. վայրի, վայրի ծովափ»), «Ռուսաստան» վավերագրական կինոփառատոնի Գլխավոր մրցանակին («Մայրիկներ», 2001), Ամստերդամի ՄԿՓ-ի Ժյուրիի հատուկ և Ռուսաստանի կինոգետների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակներին («Նրբերի տապը. վայրի, վայրի ծովափ»):
2018 թվականի հուլիսի 31-ին Ռաստորգուևը սպանվել է գործընկերներ Օրխան Ջեմալի ու Կիրիլ Ռադչենկոյի հետ, երբ վավերագրական ֆիլմ էր նկարահանում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում «Վագներ» ռուսաստանյան վարձկանների մասնավոր խմբի մասին:

Վերջին օրը
Ռուսաստան, 2018, 26’
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռաստորգուև
Սցենարիստ՝ Սուսաննա Բարանժիևա
Օպերատոր՝ Ալեքսանդր Ռաստորգուև
Պրոդյուսերներ՝ Մարիա Գավրիլովա, Միխայիլ Բարիշնիկով
Ձայնը՝ Գեորգի Երմոլենկոյի
Մոնտաժը՝ Ալեքսանդր Ռաստորգուևի
Արտադրող ընկերություն՝ «Ազատ Եվրոպա»/ «Ազատություն» ռադիոկայան

2018 թվականի ապրիլի 23-ին՝ քաղաքացիական անհնազանդության 11 օր տևած բուռն դրսևորումներից հետո, Հայաստանի վարչապետը վերջապես հրաժարական տվեց: Սրան նախորդած օրը չափազանց անհանգիստ էր ու զգացմունքային՝ հատկապես բողոքների ղեկավար Նիկոլ Փաշինյանի ընտանիքի համար, քանզի վերջինս ձերբակալվել և տարվել էր անհայտ ուղղությամբ: Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը հաջողացնում է ունիկալ և զգացմունքային կադրեր նկարահանել՝ մեծ մասամբ կենտրոնանալով Փաշինյանի որդու՝ Աշոտի վրա, մինչ նա ուղորդում է մեզ այս վերջին և որոշիչ օրվա իրադարձություններով, փողոց է փակում բոլորի հետ ու խորհում տիրող իրավիճակի մասին:

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ