Իսկական կապույտ

3204

Իսկական կապույտ

Հնդկաստան, 2018, 68’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Սվատի Դանդեկար
Օպերատոր՝ Սրիկանթ Կաբոթու
Երաժշտությունը՝ Սանդիփ Փիլաիի
Ձայնը՝ Սուրեշ Ռաջամանիի, Էռ Էլանգովանի
Հնչյունային ձևավորումը՝ Վիփին Բհաթիի
Մոնտաժը՝ Ռիխավ Դեսաիի
Արտադրող ընկերություն՝ Prateet Films

Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեն արհեստագործն ու նրա արհեստը: Արդյոք արհե՞ստն է նրան ողջ պահում, թե՞ նա՝ արհեստը: Կարո՞ղ է արդյոք մեկը գոյատևել առանց մյուսի, և ի՞նչ կնշանակի նրանց անէացումը կամ բարեկեցությունը հասարակության համար: Ահա այս հարաբերություններն են ուսումնասիրվում «Իսկական կապույտ» վավերագրական ֆիլմում ինդիգոյի միջոցով: Ինդիգոն ներկ է, որը դեռ հին ժամանակներից հայտնի է իր կայունության համար և դարձել է դիմացկունության խորհրդանիշ: «Իսկական կապույտը» խորասուզվում է ինդիգո պատրաստողների փոքրաթիվ համայնքի մեջ, հետևում է արհեստավորներին՝ մինչ նրանք կյանքի են կոչում ներկի պատրաստման երկարավուն գործընթացը, պարբերաբար խոսեցնում է նրանց՝ խնդրելով պատմել, թե ինչ է նշանակում այս արհեստով զբաղվելը: Ֆիլմը նաև վավերագրում է տեղանքը, նյութերն ու գործիքները, որոնք անհրաժեշտ են ինդիգոյի պատրաստման համար, աշխատավայրերը, որոնք ասես տան շարունակությունը լինեն, և աշխատանքային ռիթմերը, որոնք անցնում են տարվա եղանակներին համընթաց: Այս ամենի կենտրոնում միշտ գույնն է՝ իր ամենաբազմազան կերպավորումներով: Ինդիգոյի պատրաստման գործընթացները կախարդանք են թվում, երբ աղոտ լուծույթները քայլ առ քայլ վերածվում են գունեղ կապույտի: Սա մի կապույտ է, որ մգանում, հրապուրում և ներծծվում է մաշկի ու եղունգների, և վստահաբար իր արարիչների կյանքի մեջ:

 

Սվատի Դանդեկար

Վավերագրող կինոռեժիսոր Սվատի Դանդեկարն ապրում է Բանգալորում (Հնդկաստան) և մեծապես հետաքրքրված է շրջակա կենդանի պատմության պատկերային նարատիվներով՝ մարդկանցով, վայրերով, գաղափարներով, ավանդույթներով և սովորույթներով: Վերջին 3-4 տարիներին նա կենտրոնացած է արհեստների՝ որպես կենսակերպի վրա: Նրա անցյալ ֆիլմերի կենտրոնում քաղաքային Հնդկաստանն էր, մասնավորապես գյուղաքաղաքներում և քաղաքներում տեղի ունեցող փոփոխությունները, և թե ինչ ազդեցություն է սա ունենում մարդկանց կյանքի վրա: Ներկայումս նա կինոարվեստ է դասավանդում Բանգալրորի Սրիշտի արվեստ, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում:

Ֆիլմոգրաֆիա
Մի համայնքի պատմություն (2006),
Հավասարության հարց (2008),
Ջուր և մի քաղաք (2010),
Իսկական կապույտ (2018):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ