Ուջան

7178

Ուջան գյուղը գտնվում է Արագած լեռան հարավարևմտյան լանջի ստորոտում, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Երևան-Գյումրի ավտոմայրուղու 35-րդ կիլոմետրի վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից 1150 մետր է: Մարզկենտրոնից հեռու է 15 կիլոմետր:
Ուջանի տարածքում առկա տասնյակ քարանձավները, կիկլոպյան մի քանի ամրոցները, դամբարանադաշտերը, հնավայրերն ու պատմական հուշարձանները վկայում են, որ մարդիկ այստեղ ապրել են անհիշելի ժամանակներից: Գրավոր առաջին վկայությունը վերաբերում է IX դարի վերջին. այն թողել է հայոց կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Տարբեր վկայություններից, սերնդեսերունդ անցած զրույցներից ճշտվել է, որ գյուղի նախկին անունը եղել է Վժան: Արշակունիների և Բագրատունիների օրոք այն եղել է զորքի ձմեռանոց: XIII-XVI դարերում գյուղը եղել է շեն բնակավայրերից մեկը՝ նշանավոր եկեղեցիով, համահայկական նշանակություն ունեցող դպրոցով, որտեղ ուսանել են հայ քաղաքական ու կրոնական կյանքում կարևոր դեր ու համբավ ունեցող գործիչներ, որոնց թվում՝ Մելքիսեդեկ Վժանեցին: XIX դարի սկզբերին Վժանը հայաթափվել է, և գյուղի տարածք թափանցել են քոչվորները, որոնցից կովկասյան թաթարների մի քանի ընտանիքներ, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո, հաստատվում և մինչև Առաջին աշխարհամարտն ապրում են այստեղ՝ տարածքը հիմնականում օգտագործելով որպես արոտավայր: Հենց XIX դարի սկզբերից էլ Վժանը հանդես է գալիս Ուջան անունով:
Ուջանի ներկայիս բնակչությունը սկսել է կազմավորվել 1919 թվականից, երբ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից՝ Սասունի, Վանի, Էրզրումի, Մուշի կոտորածներից մի կերպ փրկված, հիմնականում 1-2 հոգուց կազմված շուրջ 80 ընտանիք եկավ և բնակություն հաստատեց այստեղ: Տարբեր տարիներին գյուղում հաստատվել են Հունաստանից և Սիրիայից գաղթածները, ինչպես նաև Ապարանից տեղափոխված մի քանի ընտանիք:
Երկրորդ աշխարհամարտի սկզբում Ուջանն ունեցել է շուրջ 900 բնակիչ, որոնցից 120 երիտասարդ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Նրանցից 42-ը զոհվել են տարբեր ճակատամարտերում:
Քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ Ուջանը կամաց-կամաց շենացել ու գեղեցկացել է՝ արդեն 1980-ականներին դառնալով հանրապետության բարգավաճ ու ծաղկուն գյուղերից: 1920-ականներից ի վեր Ուջանի տնտեսության մեջ կարևոր տեղ են զբաղեցրել ծխախոտագործությունը, խաղողագործությունը, հացահատիկի արտադրությունը, իսկ Արզնի-Շամիրամ ջրանցքի գործարկումից հետո՝ պտղագործությունը և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը: Ուջանում աճում են և յուրահատուկ համ ունեն հատկապես դեղձը, ծիրանը, խաղողը, խնձորը, թուզը և այլն:
1967 և 1989 թվականներին գյուղի կենտրոնական հատվածներում կանգնեցվում են Զորավար Անդրանիկի (քանդակագործ՝ Միքայել Ավետիսյան) և Ազատամարտիկների (քանդակագործ՝ Յուրի Մինասյան) հուշարձանները: Գյուղն ունի իր դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, ամբուլատորիան, մասնավոր մի քանի խանութներ, դեղատունը: Ներկայումս Ուջանն ունի շուրջ 1000 տնտեսություն՝ 600 տներով, մոտ 3400 բնակչությամբ:
Ուջանցիները սիրում և հպարտանում են իրենց բնակավայրով: