Ուլտրամանուշակն ու արյուն թքողների բանդան/ Ultraviolette et le Gang des cracheuses de sang
Ուլտրամանուշակն ու արյուն թքողների բանդան/
Ultraviolette et le Gang des cracheuses de sang
Ֆրանսիա, 2021, 74’
ֆրանսերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով
Ռեժիսոր՝ Ռոբին Ունզինգեր
Սցենարի հեղինակներ՝ Կլաուդի Ունզինգեր, Ռոբին Ունզինգեր
Պրոդյուսեր՝ Միլանա Քրիստիչ
Մոնտաժող՝ Բենոնի Կինոն
Օպերատոր՝ Գոտյե Գումպեր
Հնչյունավորող՝ Մարկ Նամբլար
Կոմպոզիտոր՝ Զիգֆրիդ Կանտո
Արտադրող ընկերություններ՝ Ana Films, CICLIC` BIP TV-ի մասնակցությամբ
Տատիկի՝ Էմմայի մահից հետո ռեժիսոր Ռոբին Ունզինգերը՝ մայր Կլաուդիի հետ գտնում են զգուշորեն պահպանված նամակները, որոնք Էմմային գրել էր Մարսել անունով մի աղջիկ։ Էմման ու Մարսելը հանդիպել են 1920-ականներին՝ Դիժոնի դպրոցներից մեկում։ Թաքուն սեր է ծնվում երկու դեռահաս աղջիկների միջև, բայց երկու տարի անց նրանք բաժանվում են։ Մարսելը հիվանդանում է տուբերկուլյոզով և ուղարկվում առողջարան, որտեղից Էմմային գրված նրա նամակները հետզհետե ավելի կրակոտ ու հուսահատ են դառնում, իսկ նրա ըմբոստ վարքը գրավում է լրջորեն հիվանդ երեք այլ աղջիկների ուշադրությունը։
Լրացնելով կանանց հազվագյուտ լուսանկարները՝ Ունզինգերը մեկտեղում է արխիվային նյութերը, ավանգարդային ֆիլմերն ու երաժշտությունը, որպեսզի զգայական, պոետական մթնոլորտ ստեղծի։ Մենք լսում ենք մեջբերումներ Մարսելի պերճախոս նամակներից։ Վերջինս խիզախ երիտասարդ կին էր, ով մերժում էր մեծահասակների կյանքը, դրա ողջ կոպտությունն ու բոլոր սահմանափակումները և սեփական ուղին էր ընտրել մի խումբ հարազատ հոգիների հետ։
Պարգևներ
Beeld en Geluid IDFA ReFrame մրցանակ արխիվային նյութի լավագույն օգտագործման համար, IDFA, Նիդերլանդներ, 2021; Mastercard-ի Գլխավոր մրցանակ և Հանդիսատեսի մրցանակ, Ecrans Mixtes, Լիոն, 2022; Պատվավոր հիշատակում, É Tudo Verdade բրազիլական միջազգային կինոփառատոն, Բրազիլիա, 2022; Հատուկ հիշատակում, Պելոպոնիսոսի միջազգային կինոփառատոն, Հունաստան, 2022; Պատվավոր հիշատակում, DOCAVIV, Իսրայել, 2022; Հատուկ հիշատակում, Biografilm փառատոն, Բոլոնիա, Իտալիա, 2022։
Ռոբին Ունզինգեր
1969 թվականի ապրիլի 27-ին Կոլմարում ծնված Ռոբին Ունզինգերը ֆրանսիացի կինովավերագրող է։ Նա արտիստ և գրող Կլաուդի Ունզինգերի որդին է։ Ստրասբուրգում պատմություն ու արվեստի պատմություն ուսանելուց հետո, նա սկսեց կինո ուսանել Ժուսյոյում Ժան Դուշեի, Ժան Ռուշի ու Բեռնար Քյուոյի մոտ։ Բոսնիական պատերազմի մեկնարկին՝ 1993-ի փետրվարին, Ռոբինը մեկնեց Սարաևո։ Հենց այստեղ է նա 1996 թվականին հանդիպել պրոդյուսեր Բրունո Ֆլորենտինին, որի հետ հետագայում կստեղծի «Գորաժդե․ սահմանի հոգեաշխարհագրություն» ֆիլմը։ Այստեղ նա անդրադառնում է որոշակի թեմաների, որոնք կարելի է հետո գտնել նրա բոլոր ֆիլմերում՝ պատերազմ, սահման, հիշողություն, բնություն, աներևակայելիին առերեսվող մարդը։ Ռոբինի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ կինոփառատոններում՝ «Իրական կինո» (Փարիզ), Ռոտերդամ, Բեյրութ, FIGRA և այլն։ 2019 թվականի սեպտեմբերից ի վեր Ունզինգերը Լրագրողական ու վավերագրական ֆիլմերի ռեժիսորների գիլդիայի (GARRD) փոխնախագահն է։
Ֆիլմոգրաֆիա
Գորաժդե․ սահմանի հոգեաշխարհագրությունը (1998), Պատերազմի հետքերը (1999), Լանդշաֆտի ռահվիրաները (1999), Միջանկյալ ուղևորություն (2001), Հիշողության հարցում (2002), Խրճիթի գովաբանությունը (2003), Նացվիլեր-Շտրուտհոֆ․ ֆրանսիական հուշեր (2004), Փակելով աչքերդ (2006), Որտեղ են մեր սիրելիները (2007), Վոգեզների հրեշը․ բամբասանքի դիահերձում (2008), Մեր ընկեր Տիտոն (2010), Սարաևո․ մեր դիմադրությունը (2011), Անորսալի Ալբերտ Կանը (2012), Դեպի ամպային անտառ (2015), Մինչև անհետացումը (2016), Մարդը, որն ուզում էր իմանալ (2018), Անտառների կիրառությունը (2019), Հեռավորություն (2021), Ուլտրամանուշակն ու արյուն թքողների բանդան (2021):